Արվեստի օգտագործմամբ կրթական աշխատանքի մեթոդներ
Մեդիա և արտիստիկ նյութերի օգտագործմամբ կրթական աշխատանքի մեթոդներ
Ստեղծագործական և արվեստի մեթոդները կրթության մեջ
Արվեստը դարերով եղել է մարդկանց ինքնարտահայտման, գիտելիքի փոխանցման և համընդհանուր արժեքների ձևավորման հիմնական միջոցներից մեկը։ Այն հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնել գաղափարներ, այլև դրանք զգալ, վերապրել և յուրացնել։ Կրթության մեջ արվեստի ներգրավումը հնարավորություն է տալիս, որ սովորողները ոչ թե միայն լսում կամ կարդում են նյութը, այլև դառնում են դրա համահեղինակներ։
Ոչ ֆորմալ կրթության մեջ՝ հատկապես երիտասարդների և դեռահասների հետ աշխատելիս, ստեղծագործական մեթոդները դառնում են եզակի կամուրջ սովորողի ներաշխարհի և արտաքին իրականության միջև։ Դրանք․
- Խորացնում են ուսուցման փորձը՝ թույլ տալով զգալ, փորձարկել, ստեղծել։
- Օգնում են բարդ թեմաները (օրինակ՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ինքնություն, կարեկցանք, հավասարություն, արդարություն, համերաշխություն) ներկայացնել հասկանալի ու գրավիչ ձևով։
- Խթանում են համառոտ և հստակ արտահայտվելու հմտությունը։
- Ստեղծում են անվտանգ տարածք, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կարող է գտնել իր ձայնը և կիսվել առանց վախի։
- Զարգացնում են ոչ միայն «խելքը», այլև «սիրտն ու ձեռքը»՝ համադրելով գիտելիքը հույզերի, հմտությունների, մոտիվացիայի ու արժեքների հետ։
Ապացուցված է, որ ստանդարտացված պայմաններից դուրս մշակվող և իրականացվող այդ աշխատանքները՝ հատկապես համադրված ստեղծարարությունը և արտիստիկ ինքնաարտահայտումը խթանող գործիքների հետ (նկար, երաժշտություն, կոլլաժ, աշխատանք կավի հետ և այլն), խիստ բարձրացնում են մասնակիցների՝ որոշ թեմաների հետ կապված աշխատանքի արդյունավետությունը: Այս մեթոդներն ու արտահայտչաիջոցները բոլորի համար են, բոլորին հասանելի ու բոլորի համար օգատգործելի՝ հատկապես երիտասարդների թվային գրագիտության ու միջոցների օգտագործման այս մակարդակում: Նրանց շրջանում զարթնում են թաքնված և մոռացված էներգետիկ ռեսուրսներ, իսկ քննարկումը և արդյունքների ներկայացումն իրականացվում են առավել խորությամբ ու արդյունավետությամբ:
Այս տիպի մեթոդների կիրառման ժամանակ պետք է հաշվի առնել հետևյալը. նախ՝ դրանց կիրառումն անսովոր է շատերի համար, հատկապես եթե նրանք արվեստի ճյուղերից հեռու են մասնագիտական առումով: Պետք է պատրաստ լինել մասնակիցների դիմադրությանը: Նրանք ասելու են, որ նկարել չգիտեն, որ վերջին անգամ երգել են վեցերորդ դասարանում, որ ջրաներկի հետ աշխատել չգիտեն և այլն: Սակայն, պրակտիկան ցույց է տալիս, որ նուրբ խրախուսման ու դիմադրության հաղթահարման պարագայում ամենաշատ դիմադրողները, ի վերջո, ամենաշատ հաճույքն են ստանում բուն աշխատանքից (և երբեմն նույնիսկ խրախուսում են մյուսներին):
Երկրորդ խնդիրը, որ պետք է հաշվի առնել, այն է, որ եթե փորձում եք իրականացնել նոր ու անսովոր բան, ապա դա պետք է անել հնարավորինս նոր ոճով և նոր պայմաններում: Արտիստիկ մեթոդների կիրառման ժամանակ ցանկալի է մասնակիցներին տրամադրել հնարավորինս տարբեր և հետաքրքիր նյութեր:
Այս մեթոդները կրթկան խմբերում հաճախ բարդ թեմաների քննարկման պարագայում կարող են շատ ավելի արդյունավետ լինել: Այսպես՝ երբեմն խմբերն իրենց քննարկումն իրականացնում են «կոլլաժի» պատրաստման միջոցով, երբ տրամադրված ամսագրերից և այլ տպա գիր նյութերից կտրտվում են նկարներ ու սխեմաներ, որոնցով կառուցվում է խմբի դիրքորոշումն արտահայտող կոլլաժ:
Կարող է կիրառվել նաև, այսպես կոչված, «լուռ հատակ» տեխնիկան, երբ հատակին փռվում է մեծ ձևաչափով թուղթ, որի վրա մասնակիցները, առանց խոսելու, գրում կամ նկարում են իրենց մտքերը: Նրանք ընթերցում են նաև իրենց գործընկերների մտքերը և այդ մտքերի/նկարների վե րաբերյալ կառուցում իրենց լրացումներն ու հավելումները: Վերջում այդ նյութը կարող է քննարկ վել և ամփոփվել մեծ ու փոքր խմբերում:
Վերջերս բավականին լայնորեն տարածվում է նաև «Լենդ արթ» («Land Art»՝ «երկրարվեստ») մեթոդը: Այն նախկինում պատկանում էր վիզուալ արվեստի ոլորտին, սակայն ներկայումս սկսել է կիրառվել նաև ուսուցողական գործընթացներում և համայնքային արվեստի միջոցառումներում:
Մեթոդի հիմքում ընկած է որոշակի խնդրի կամ թեմայի շուրջ բնության գրկում կատարվող անհատական աշխատանքը, որի ընթացքում մասնակիցը ստեղծում է իր միտքը կամ պատկերացումն արտացոլող արվեստի գործ՝ կիրառելով միայն բնական նյութեր (ծաղիկներ, քարեր, ճյուղեր, տերևներ և այլն), որոնք նա նախապես հավաքում կամ գտնում է այդ տարածքում: Այս դեպքում բոլորովին պարտադիր չէ, որ ստեղծված գործը լինի հարատև: Հնարավոր է, որ առաջին իսկ քա մին կամ ջրի ալիքն այն ավերի, սակայն կարելի և ցանկալի է պատրաստելուց հետո լուսանկարել գործը, քանի որ հետագայում ներկայացման կամ քննարկման համար լուսանկարն է կիրառվում որպես նյութ: Հնարավորության պարագայում կարելի է նաև կազմակերպել տեսանկարահանում:
Հիմնականում աշխատանքը կատարվում է անհատական կարգով, սակայն երբեմն հնարավոր է նաև, որ աշխատանքները պատրաստվեն արտիստիկ համագործակցության փոքր խմբերի միջոցով: Վարժության ավարտին լուսանկարները կամ տեսանյութը տարվում են ընդհանուր խումբ՝ ներկայացնելու և քննարկելու: Ցանկալի է նաև վարժության իրականացումից առաջ մասնակիցներին որոշակիորեն հրահանգավորել, որպեսզի նրանք վնաս չպատճառեն կենդանի ու անկենդան բնությանը, խնամքով վերաբերեն տարածքին և այնտեղ բնակվող բույսերին ու կենդանիներին: Ընդհանրապես ստեղծված գործը լավագույնս պետք է այնքան միահյուսված լինի առկա լանդշաֆտին, որ առաջին հայացքից դժվար լինի նույնիսկ կռահել նրա արհեստածին ծագման մասին:
Ստեղծագործական մեթոդներ քաղաքացիական կրթության մեջ
Արվեստն ու ստեղծագործական մեթոդները կրթության մեջ ունեն բացառիկ ուժ․ դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն սովորեցնել գիտելիք, այլև փոխակերպել մտածողությունը, վերաբերմունք, մոտեցումը, արժեքները և վարքագիծը։ Երբ կրթական գործընթացը հարստացվում է արվեստով, սովորողը դառնում է իր ուսուցման համահեղինակ:
Ոչ ֆորմալ կրթության ծրագրերում՝ հատկապես երիտասարդների և դեռահասների հետ աշխատելիս, արվեստը դառնում է յուրահատուկ լեզու․ այն հեշտացնում է բարդ թեմաների ընկալումը, խթանում է ինքնարտահայտումը և ստեղծում է համախմբման մթնոլորտ։
Քաղաքացիական կրթության մեջ ստեղծագործական մոտեցումները նպաստում են նաև արժեքների ձևավորմանը՝ ժողովրդավարություն, համերաշխություն, արդարություն, հարգանք, բազմազանության ընդունում։
Ինչու օգտագործել արվեստը քաղաքացիական կրթության մեջ
- Մասնակցային ուսուցում – արվեստը թույլ է տալիս յուրաքանչյուրին ներգրավվել իր ձևով՝ նկարելով, պատմելով, խաղալով կամ երաժշտություն ստեղծելով։
- Զգացական կապ – արվեստը թույլ է տալիս երիտասարդներին ոչ միայն հասկանալ թեման, այլև զգալ այն սեփական փորձով։
- Սոցիալական կապեր – համատեղ ստեղծագործությունը (թատերական բեմադրում, մուրալ, խմբային երաժշտություն) խթանում է համագործակցությունը և համայնքային զգացումը։
- Քննադատական մտածողություն – արվեստի միջոցով կարելի է քննարկել սոցիալական խնդիրներ ստեղծագործ լուծումների միջոցով։
Բերենք մի քանի օրինակ: Քաղաքացիական կրթության դասընթացներում ֆորում թատրոնը հնարավորություն է տալիս երիտասարդներին խաղարկել իրական կյանքից վերցված սոցիալական խնդիրներ (օրինակ՝ արտագաղթ, կոռուպցիա, ընտանեկան բռնություն, շրջակա միջավայրի աղտոտում) և փորձել տարբեր լուծումներ բեմի վրա՝ նախքան դրանք փորձելը իրական կյանքում։ Այս մեթոդը նաև զարգացնում է քննադատական մտածողություն և երկխոսության հմտություններ, քանի որ հանդիսատեսը կարող է ներգրավվել գործընթացում՝ առաջարկելով նոր լուծումներ և ուղղություններ։
Մշակութային ժառանգության ծրագրերում նկարազարդման, կոմիքսների և գրաֆիկական պատմությունների մեթոդներն օգտագործվում են պատմական փաստերը և լեգենդները վերապատմելու ստեղծագործ ձևով՝ դրանք դարձնելով հասանելի և գրավիչ նոր սերնդի համար։ Սա ոչ միայն օգնում է պահպանել և փոխանցել արժեքները, այլև թույլ է տալիս երիտասարդներին գտնել իրենց կապը մշակութային ժառանգության հետ։
Երիտասարդական ճամբարներում երաժշտության, ռիթմիկայի և իմպրովիզացիայի միջոցով մասնակիցները ստեղծում են իրենց «թիմի երգը», որը դառնում է համախմբման և թիմային ոգու խորհրդանիշ։ Երաժշտական մեթոդները նաև բացում են ճանապարհ բազմազան մշակութային ինքնությունների արտահայտման համար․ տարբեր համայնքների երիտասարդները կիսվում են իրենց ավանդական երգերով ու ռիթմերով և համատեղ ստեղծում նոր կոմպոզիցիա։
Լուսանկարչական և մեդիա նախագծերում երիտասարդները ստանում են առաջադրանք փաստագրել իրենց համայնքի խնդիրները (օրինակ՝ աղբահանություն, շրջակա միջավայրի աղտոտում, մատչելիության խնդիրներ) և կազմակերպում են ցուցահանդեսներ կամ բացօթյա ֆոտո-ցուցադրություններ։ Սա խթանում է հանրային քննարկումները և կարող է վերածվել համայնքային լուծումների մշակման գործիք։
Թվային պատմությունների (digital storytelling) մեթոդով մասնակիցները նկարահանում են կարճ վիդեոներ իրենց անձնական փորձառությունների, արժեքների և քաղաքացիական մասնակցության մասին։ Այս պատմությունները տարածվում են սոցիալական ցանցերում, հասնում ավելի լայն լսարանին և դառնում են «փոքր քարեր», որոնք մեծ ալիքներ են ստեղծում։
Պոեզիան, ստեղծագործ գրելը, բանավոր ձևերը նույնպես կարող են ծառայել որպես արտահայտման հզոր միջոց․ երիտասարդները գրում են և կարդում իրենց ստեղծագործությունները հանրային հարթակներում, բարձրաձայնելով խնդիրներ ու երազանքներ։ Սա ձևավորում է ինքնավստահություն և հռետորական հմտություններ։
Վիզուալ քարտեզագրումը և արվեստային ինստալյացիաները հնարավորություն են տալիս համայնքի խնդիրները կամ ռեսուրսները ներկայացնել ստեղծագործ ձևով․ օրինակ, երիտասարդները կարող են պատրաստել «հույսի ծառ», որի ճյուղերին փակցվում են համայնքի բնակիչների առաջարկները բարեփոխումների համար։
Թվային խաղայնացված գործիքները (quests, badges, online challenges) թույլ են տալիս համատեղել արվեստը և տեխնոլոգիան՝ ստեղծելով խաղային միջավայր, որտեղ սովորելը դառնում է արկածային ճանապարհորդություն։
Այս մեթոդները ոչ միայն հարստացնում են կրթության ձևերն ու բովանդակությունը, այլև նպաստում են այն բանին, որ երիտասարդները դառնան ակտիվ, ստեղծագործ և պատասխանատու քաղաքացիներ։ Արվեստը այստեղ ծառայում է որպես լեզու, որն առավել հասկանալի է երիտասարդներին․ այն օգնում է ոչ միայն խոսել արժեքների մասին, այլև ապրել դրանք։