Երաժշտություն և ձայնային մեթոդներ

Երաժշտական իմպրովիզացիա

Ի՞նչ է դա

Երաժշտական իմպրովիզացիան ստեղծագործական գործընթաց է, որտեղ մասնակիցները երաժշտություն են ստեղծում առանց նախապես գրված նոտաների կամ կանոնների։ Այն հիմնված է ազատ հոսքի վրա․ յուրաքանչյուր մասնակից իր ձայնով, գործիքով կամ նույնիսկ առօրյա առարկաներով (թաս, շիշ, սեղան) ձայն է ստեղծում և միավորում այն խմբի հնչողությանը։ Օրինակ՝ երիտասարդների խումբը կարող է միասին ստեղծել «աղմուկի նվագախումբ»՝ ռիթմերը համադրելով խոսքի կամ շարժման հետ։

Ինչպե՞ս ստեղծել
  1. Սովորողներին տրամադրել տարբեր գործիքներ կամ առարկաներ։

  2. Սկսել պարզ ռիթմից կամ ձայնից։

  3. Թույլ տալ, որ մյուսները աստիճանաբար միանան։

  4. Խմբով ստեղծել մի ամբողջական երաժշտական պատմություն։

Ինչպե՞ս կիրառել կրթության մեջ
  • Զարգացնում է լսելու և համագործակցելու հմտություններ։

  • Օգնում է երիտասարդներին հաղթահարել ամոթխածությունը։

  • Կարելի է օգտագործել որպես սառույցկոտրուկ, թիմային ոգի ձևավորելու միջոց։

  • Լավ է բազմամշակութային խմբերում․ տարբեր մշակույթների ռիթմերը կարող են միավորվել։


Համայնքային երգերի հավաքագրում և ստեղծում

Ի՞նչ է դա

Սա մեթոդ է, որի ընթացքում երիտասարդները հավաքում են իրենց համայնքի ավանդական երգերը, սովորում դրանք և վերարտադրում նոր ձևով։ Կարող է նաև ներառել նոր երգերի համատեղ ստեղծում, որոնք արտահայտում են ժամանակակից փորձառությունը։ Օրինակ՝ գյուղական համայնքներում երիտասարդները կարող են հավաքել ավանդական հարսանիքի երգերը և ներկայացնել դրանք նոր ինտերպրետացիայով։

Ինչպե՞ս ստեղծել
  1. Կազմակերպել հետազոտություն՝ հարցազրույցներ տարեցների հետ։

  2. Հավաքել երգերը և գրել դրանց բառերը։

  3. Խմբով փորձել երգել և ստեղծել նոր տարբերակներ։

  4. Ներկայացնել համերգի կամ փոքր փառատոնի տեսքով։

Ինչպե՞ս կիրառել կրթության մեջ
  • Պահպանում և փոխանցում է մշակութային ժառանգությունը։

  • Զարգացնում է լեզվական և արտահայտչական հմտություններ։

  • Նպաստում է սերունդների միջև երկխոսությանը։

  • Կարելի է կապել մշակութային ինքնության և քաղաքացիական պատասխանատվության թեմաների հետ։


Ռեփ և բիթբոքս, բաթլներ՝ որպես ինքնարտահայտման միջոց

Ի՞նչ է դա

Ռեփը ժամանակակից երաժշտական ժանր է, որը համակցում է ռիթմը և խոսքը։ Բիթբոքսը՝ ձայնային տեխնիկա, որտեղ երաժշտական ռիթմ ստեղծվում է բերանի և շնչառության միջոցով։ Այս մեթոդները հատկապես գրավիչ են երիտասարդների համար, քանի որ տալիս են անմիջական ինքնարտահայտման հնարավորություն։ Օրինակ՝ երիտասարդները կարող են ռեփ ստեղծել, բաթլներ անել իրենց համայնքի խնդիրների մասին։

Ինչպե՞ս ստեղծել
  1. Խմբով ընտրել թեմա (օրինակ՝ «Իմ քաղաքը», «Իմ իրավունքները»)։

  2. Յուրաքանչյուր մասնակից գրում է տեքստ իր տեսակետից։

  3. Սովորել հիմնական բիթբոքսի ռիթմեր։

  4. Կատարել խմբով՝ համադրելով խոսքը և ռիթմը։

Ինչպե՞ս կիրառել կրթության մեջ
  • Օգնում է բարձրաձայնել խնդիրներ և փորձառություններ հասակակիցների լեզվով։

  • Զարգացնում է ստեղծագործ գրելու հմտությունները։

  • Կարելի է օգտագործել մարդու իրավունքների կամ քաղաքացիական կրթության թեմաների համար։

  • Օրինակ՝ Եվրոպայում բազմաթիվ «youth slam» նախաձեռնություններ թույլ են տվել երիտասարդներին ռեփով խոսել իրենց իրավունքների մասին։


Փոդքաստների ստեղծում

Ի՞նչ է դա

Փոդքաստը ձայնային հաղորդում է, որը կարող է լինել հարցազրույց, պատմություն կամ քննարկում։ Այն հեշտությամբ ձայնագրվում է և տարածվում առցանց։ Որպես մեթոդ՝ այն հիանալի գործիք է քննադատական մտածողությունը զարգացնելու և սեփական ձայնը լսելի դարձնելու համար։

Ինչպե՞ս ստեղծել
  1. Ընտրել թեմա (օրինակ՝ «Իմ համայնքի պատմությունները» կամ «Ի՞նչ է նշանակում լինել ակտիվ քաղաքացի»)։

  2. Սովորել ձայնագրության հիմունքները (օգտագործել հեռախոս կամ պարզ ձայնագրիչ)։

  3. Ձայնագրել հարցազրույցներ կամ քննարկումներ։

  4. Մոնտաժել և տարածել փոդքաստը (SoundCloud, Spotify, Facebook)։

Ինչպե՞ս կիրառել կրթության մեջ
  • Զարգացնում է հաղորդակցման և մեդիագրագիտության հմտություններ։

  • Նպաստում է լսելու և հարց տալու կարողություններին։

  • Թույլ է տալիս երիտասարդներին հանրայնացնել իրենց ձայնը։

  • Կարելի է ինտեգրել քաղաքացիական կրթության ծրագրերում՝ որպես «իրավունքի ձայն»։